Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը Բրազիլիայում

Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը Բրազիլիայում

Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը տեղի է ունեցել Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում 2015 թ. նոյեմբերի 18-21-ը:  Այն առաջնորդվում էր «Սպառողների հնարավորությունների լիարժեք բացահայտում. նոր հայացք համաշխարհային շուկային» կարգախոսով:


Համաշխարհային համագումարում բացման խոսքով հանդես եկավ Բրազիլիայի 36-րդ նախագահ Նորին մեծություն Դիլմա Ռուսեֆը, որը ելույթի սկզբում ջերմորեն ողջունեց ավելի քան 700 պատվիրակներին, որ ժամանել էին ամբողջ աշխարհում գործող սպառողական կազմակերպություններից և պետական մարմիններից: Հայաստանը համագումարում ներկայացնում էր Սպառողների ազգային ասոցիացիայի արտաքին և ներքին հարաբերությունների գծով փոխնախագահ Աննա Նահապետյանը: Բրազիլիայի նախագահին միացան Սպառողների միջազգային ասոցիացիայի` CI, գլխավոր տնօրեն Ամանդա Լոնգը և նախագահ  Ջիմ Գեսթը, Բրազիլիայի Արդարադատության նախարար Խոսե Էդուարդո Կարդոսոն, նույն նախարարության Սպառողների ազգային բյուրոյի քարտուղար Խուլիանա Պերեիրա դա Սիլվան և Ապրանքների ու ծառայությունների միջազգային առևտրի բաժնի տնօրեն Գիլիերմո Վալիեսը, որը մասնակիցներին ներկայացրեց ՄԱԿ-ի 8-րդ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը:


Ամանդա Լոնգի բացման խոսքը կոչ էր CI անդամներին միասին աշխատելու` օրեցօր փոփոխվող աշխարհում առավել ազդեցիկ լինելու համար. «Եթե Սպառողների միջազգային ասոցիացիան և նրա անդամները համագործակցեն ավելի արդյունավետ և կարողանան առավել լավ համակարգել քարոզարշավները, ապա մեր գործունեությունը կընդգրկի ավելի շատ ազգերի, իսկ ազդեցությունը կբազմապատկվի»:


Միջոցառումը հագեցած էր սպառողական կարևոր թեմաների վերաբերյալ հուզիչ և հետաքրքիր թեմատիկ նիստերով, նաև ինտերակտիվ քննարկումներով, որոնց ներկա էին սպառողական շարժման փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կառավարության ներկայացուցիչներ և  մասնավոր սեկտորը: Պատվիրակները, ներառյալ CI անդամները, հանդես էին գալիս նոր գաղափարներով, քննարկում գործունեության նոր ուղիներ՝ միաժամանակ ոգևորելով միմյանց`  համատեղ աշխատանքում գլոբալ ազդեցության հասնելու նպատակով: Ողջ աշխարհից հրավիրված անդամները ներկայացրեցին արդեն հաջողություն գրանցած իրենց հետաքրքիր պատմությունները:


Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը նաև առիթ ու հնարավորություն էր նոր համագործակցությունների և համատեղ քարոզարշավներ սկսելու, ինչպես նաև արդեն սկսած աշխատանքները շարունակելու: Ուշադրության արժանի էին Սպառողների շահերի պաշտպանության մասին ՄԱԿ-ի նոր ուղեցույցի ընդունումը, առողջ սննդի և հատկապես մսամթերքում հակաբիոտիկների օգտագործման, կայուն սպառման, նաև անձնական տվյալների պաշտպանության մասին հարցերի քննարկումները:  Կարևոր ու հիշարժան էին հանդիպումներն ավտոմեքենաների անվտանգության վերաբերյալ, որոնց ժամանակ նոր համագործակցություն հաստատվեց CI-ի և World Wide Web Foundation-ի միջև:


Համագումարի վերջին օրը տեղի ունեցան CI  նախագահի և Խորհրդի ընտրությունները: Սպառողների միջազգային ասոցիացիայի նախագահ ընտրվեց Բարթ Քոմբեն: Ներկաները հոտնկայս ծափահարություններով ճանապարհեցին Խորհրդի անդամներին և Սպառողների միջազգային ասոցիացիայի արդեն նախկին նախագահ Ջիմ Գեսթին:


16 Декабря 2022, Пятница | 415

Последние публикации