Շնորհակալություն Սպառողների ազգային ասոցիացիայի կայքն այցելելու համար:
Հուսով ենք, Ձեզ օգտակար կլինի ծանոթությունը մեր գործունեությանը: Չէ որ այն ուղղված է սպառողական փոխհարաբերություններում Ձեր իսկ շահերի և իրավունքների պաշտպանությանը:
Սպառողների ազգային ասոցիացիայի, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի հիմնական առաքելությունը և գործունեության վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանումն է: Գիտակցումն այն բանի, որ գիտության ու տեխնիկայի զարգացումը, ցավոք, հանգեցնում է նաև կյանքն ու առողջությունը վտանգող զարգացումների, մենք պարտավորություն ենք ստանձնել դրանցից հնարավորինս պաշտպանելու հայ սպառողին ու ապագա սերնդին` մեր երկրի քաղաքացիների շրջանում սպառողական գիտակցության պատշաճ մակարդակ ապահովելու միջոցով: Այս նպատակին են ուղղված նաև «Սպառող» ամսագրի հրատարակումն ու ամսագրի միջոցով սպառողին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը:
Հայաստանում սպառողական շարժման հիմնադիրներս ի սկզբանե փորձում ենք սատարել բնակչությանը` սպառողական շուկայում ճիշտ կողմնորոշվելու և առողջությունն արտաքին անբարենպաստ ազդեցություններից (անորակ սննդամթերք և այլ ապրանքներ, անորակ ծառայություններ և սպասարկում) պաշտպանելու գործում:
Չմոռանանք սակայն, որ ոչ մի բան հենց այնպես չի տրվում: Փորձենք, իբրև սպառող, տեր լինել մեր իրավունքներին և թույլ չտալ ոտնձգություններ դրանց նկատմամբ: Տեղեկացված սպառողն ապրանքների, ծառայությունների ու սպասարկումների շուկայի քաղաքակիրթ ու բնականոն զարգացման երաշխավորն է:
Հուսով ենք, մեր կայքում կգտնեք Ձեզ հետաքրքրող և իբրև սպառողի Ձեր իրավունքներին ու դրանց պաշտպանությանն առնչվող տեղեկատվություն:
Միշտ պատրաստ ենք համագործակցության և կարձագանքենք Ձեր կառուցողական առաջարկներին:
Մելիտա Հակոբյան
Սպառողների ազգային ասոցիացիայի, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ