Պայքար «արագ սննդի» դեմ Արագ սնունդ + գազավորված ըմպելիքներ = չարիք մարդկության դեմ

Պայքար «արագ սննդի» դեմ Արագ սնունդ + գազավորված ըմպելիքներ = չարիք մարդկության դեմ

Հայաստանում մոտ 15 տարի առաջ հաստատված «արագ սնունդ» երևույթը գրավել է ոչ միայն երեխաների ու երիտասարդության, այլև շատ մեծահասակների սրտերը:


«Մաքդոնալդսի» ու դրա նման սննդի այլ օբյեկտների միջոցով այժմ Երևանում ահել ու ջահել ճաշակում են համբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա և հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ ու այլ վնասակար «արագ սնունդ»` չգիտակցելով դրանց վտանգավորությունն իրենց, հետևաբար և ապագա սերունդների առողջության համար: Հիմնական պատճառն «արագ սննդի» մասին տեղեկացվածության պակասն է: Խնդիրը ոչ միայն դրսում սնվելու, այլև դրսում արագ ուտելու և քիչ ծամելու մեջ է, ինչի հետևանքն են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունները: Պակաս վնասակար չէ աղմուկը, որն առկա է ամենուրեք, որտեղ «արագ սնունդ» է առաջարկվում: Առհասարակ, «արագ սննդի» մեջ աղի, շաքարի, խտանյութերի, ներկերի, կայունարարների (ստաբիլիզատորներ), էմուլգատորների և այլ հավելանյութերի առկայությունը ճարպակալման վտանգի առջև է կանգնեցնում, ինչպես նաև հանգեցնում է էնդոկրին և իմունային համակարգերի խանգարման: Վերջինը խիստ բացասաբար է անդրադառնում երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: «Արագ սնունդը» պատճառ է այլ լուրջ հիվանդությունների նաև մեծահասակների շրջանում (հիպերտոնիա, ալերգիա, քաղցկեղ, շաքարախտ, ինչպես նաև սրտանոթային, հոդերի ու ողնաշարային մի շարք հիվանդություններ): Առաջադեմ բժշկությունը հավաստում է, որ «արագ սնունդը» մարդկությանն սպառնացող մեծ վտանգ է, ինչը կանխելուն պետք է նպաստի նախ և առաջ քաղաքակիրթ աշխարհը:


Ի՞նչ յուղ է օգտագործվում «արագ սննդի» օբյեկտներում: Հայտնի է, որ այստեղ կարկանդակների, փքաբլիթների, օղաբլիթների, կարտոֆիլի ֆրիի և այլնի պատրաստման ժամանակ հաճախ կաթսայի բուսական յուղն օրեր շարունակ չի փոխվում` պարբերաբար լրացվելով նոր խմբաքանակով:


«Արագ սնունդը» բացասաբար է անդրադառնում մարդու մաշկի, մազերի որակի և ընդհանուր տեսքի վրա առհասարակ: «Արագ սննդի» տեսականիով հաճախակի սնվելը հանգեցնում է օրգանիզմի նյութափոխանակության արագ խանգարման: Դրանցում շատ է խոլեստերինը, քիչ` վիտամինները:


«Ինչ հաճախությամբ կարելի է «արագ սնունդ» ճաշակել» հարցին սննդաբանները պատասխանում են, որ թույլատրելի է այդ կերպ սնվելն ամիսը մեկ անգամ, նախընտրելի` դրանից հրաժարվելն առհասարակ:


25 Հունվարի 2022, Երեքշաբթի | 271

Վերջին հրապարակումները