Արագ սնունդ
Սպառողների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմ արագ սննդի վտանգավորության մասին 16 Դեկտեմբերի 2022, ՈՒրբաթ | 635
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մարտի 15-ին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանում, նշվեց Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Համաձայն ավանդույթի` Սպառողների միջազգային ասոցիացիան (ՍՄԱ) այդ օրը հրապարակեց տվյալ տարին խորհրդանշող իր կոչը` ուղղված առաջադեմ մարդկությանը, անդամ կազմակերպություններին, համապատասխան երկրների կառավարություններին:
Սպառողների ազգային ասոցիացիան, 12 տարի անդամակցելով միջազգային սպառողական կառույցին, այս տարի ևս համապատասխան քայլերով կարձագանքի նրա «Մեր փողերը, մեր իրավունքները» կոչին, որով առաջին պլան են մղվում սպառողներին մատուցվող ֆինանսական ծառայություններին վերաբերող խնդիրները: Սպառողների ազգային ասոցիացիան այս ուղղությամբ մշակված ծրագրերը կիրականացնի ողջ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, առավելագույնս կարևորելով մանկական սննդին վերաբերող խնդիրները, սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա` մարտի 15-ի կապակցությամբ ասոցիացիայի կողմից իրականացված միջոցառումների շրջանակում այս տարի ևս ուսումնասիրություններ են կազմակերպվել դպրոցական ճաշարաններում և բուֆետներում երեխաներին հրամցվող սնունդը վերահսկելու ուղղությամբ: Նպատակը պարզելն է, թե օրվա որոշակի ժամանակը դպրոցներում անցկացնող երեխաներին ինչ սնունդ է առաջարկվում և որքանով են դպրոցների պատասխանատուները և վերադաս պատկան կառույցներն ուշադրություն դարձնում այս հարցին: Բանն այն է, որ քաղաքակիրթ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումները հաճախ բացասաբար են անդրադառնում առողջ և որակյալ սննդամթերքի արտադրության վրա, և անառողջ սնունդը գրավում է աշխարհը: ՍՄԱ-ն դեռևս 2008 թվականն էր հայտարարել «արագ սննդի» (համբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա, հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ և այլն) դեմ պայքարի տարի: Սպառողների միջազգային ասոցիացիայի այս կոչին միացել էր նաև հայաստանյան սպառողական շարժումը` ի դեմս Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի: Նշենք նաև, որ դեռևս 2008 թվականից գործողության մեջ է դրվել Երևանի քաղաքապետարանի որոշումը դպրոցական բուֆետները կամ ճաշարանները վերականգնելու, սերտիֆիկացնելու և այնտեղ առողջ սնունդ իրացնելու վերաբերյալ: Ահա ինչու 2009-2010 թթ. Սպառողների ազգային ասոցիացիայի ուշադրության կենտրոնում հատկապես դպրոցական բուֆետներում ու ճաշարաններում իրացվող կաթ-կաթնամթերքի, մսամթերքի տեսականու և որակի վերահսկողությունն է, ինչպես նաև գազավորված ըմպելիքների վաճառքը բացառելը: 2010 թվականի մարտի 15-ին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի կողմից Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում իրականացված ակցիան կարելի է մինչև այդ կատարված ուսումնասիրությունների յուրօրինակ ամփոփում համարել: Ակցիային մասնակցում էին կրթահամալիրի աշակերտները, աշխատանքային կոլեկտիվը, ծնողները, ասոցիացիայի և ակադեմիայի մասնագետները` նախագահ Մելիտա Հակոբյանի գլխավորությամբ: «Արեգնազան» կրթահամալիրի ընտրությունը պատահական չէր: Վերջին մեկ տարվա ընթացքում դպրոցներում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաներին առաջարկվող սննդին պատշաճ ուշադրություն է դարձվում և որ կրթահամալիրի ղեկավարությունն այս հարցում հետևողական է: Ի տարբերություն այլ դպրոցների` այստեղ կարևորվում է տեղական արտադրության կաթ-կաթնամթերքի և բնական հյութերի իրացումը: Բացառված են գազավորված ըմպելիքները, անհայտ ծագման կիսաֆաբրիկատները: Տեղում պատրաստվող ճաշատեսակները վաճառվում են մատչելի գներով: Այդ են վկայում նաև ակցիային մասնակից ծնողների հավաստիացումները: Ի դեպ, ծնողները գոհունակություն էին հայտնում նաև կրթահամալիրի ճաշարանի սպասարկման մակարդակից:
Վերադառնանք բուն նյութին: Ակցիա Սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Փաստն առավել տպավորիչ և ընկալելի դարձնելու նպատակով նախօրոք ձևավորվել էր դպրոցի դահլիճը: Փուչիկներ, լոզունգներ, սպառողների 8 հիմնական իրավունքներն արտացոլող պաստառներ: Սպառողների միջազգային ասոցիացիայի հոբելյանի կապակցությամբ ՍՄԱ 50-ամյա պատմությանն անդրադարձավ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Աննա Նահապետյանը: Նա ներկայացրեց նաև ՍՄԱ հետ համագործակցության փաստերը և այն ծրագրերը, որոնք ամեն տարի իրականացվում են Սպառողների միջազգային օրվա կապակցությամբ: Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն անդրադարձավ շուրջ 13 տարի հայաստանյան կառույցի անդամակցությանը ՍՄԱ-ին, կարևորեց սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացներում անդամ երկրների դրական փորձի կիրառությունը, տեղեկացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգ ապահովելու հայեցակարգը», որով նախատեսվում է դպրոցական ծրագրերում ներառել Սպառողական գիտելիքներ առարկան, ինչը թույլ կտա գիտակից սպառող դաստիարակել մանկուց: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության պատասխանատու, քիմիկոս, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանն իր ելույթում անդրադարձավ երեխաների կողմից օգտագործվող սննդի հարցերին, խորհուրդ տվեց առաջնորդվել «Առողջ սնունդ, առողջ սերունդ» կոչով, նշեց, որ երեխաները հաճույքով ճաշակում են «արագ սննդի» ախորժալի, գրավիչ և գունեղ տեսականին, հագեցնում ծարավը հայտնի ու անհայտ ծագման գազավորված ըմպելիքներով` չգիտակցելով, որ զանազան հավելանյութերով հարուստ «արագ սնունդն» անդառնալի վնաս է հասցնում օրգանիզմին ու առողջությանը: Այս ամենի պատճառն սպառողական գիտակցության պակասն է: Սպառողների ազգային ասոցիացիայի Մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու, սննդի որակի աուդիտոր Ֆրունզե Հայթյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց վերջին մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նույնպես, ցավոք, ապացուցում են հայտնի և անհայտ ծագման գազավորված ըմպելիքների բացասական ազդեցությունը մարդու, հատկապես երեխաների առողջության վրա: Ասոցիացիայի Ծառայությունների սերտիֆիկացման մարմնի փորձագետ Սուրեն Հարությունյանն անդրադարձավ վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի բազմաթիվ դպրոցների բուֆետներ ու ճաշարաններ կատարված այցելությունների փաստին, նշեց, որ դպրոցների մեծ մասում երեխաներին պատշաճ սնունդ ապահովելու հարցը ցածր մակարդակի վրա Է: ՈՒշադրություն չի դարձվում իրացվող մթերքների ծագմանը, չի արգելվում գազավորված ըմպելիքների ու կոլաների վաճառքը: Նշվեց նաև, որ այցելությունների վերլուծության արդյունքում Սպառողների ազգային ասոցիացիան դիտողություններ է ներկայացրել մի շարք դպրոցների տնօրենների: Ելույթ ունեցողները մշտապես շեշտը դնում էին երեխաների առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի խնդիրներին, պատասխանում վերջիններիս հարցերին: Սպառողների ազգային ասոցիացիան անառողջ սննդի դեմ պայքարի ուղղությամբ տարիներ շարունակ համապատասխան գործունեություն է իրականացնում և լուրջ արդյունքների է հասել նախ և առաջ հայրենական շուկայից ժամկետանց, առանց մակնշման ապրանքները դուրս մղելու, սպառողների գիտակցության մեջ այդ ուղղությամբ դրական փոփոխություններ սերմանելու առումով: Ժամանակն է, որ սպառողը հստակ գիտակցի անառողջ սննդի բացասական ազդեցությունը: Փաստ է, որ այսօրվա երեխաները երկրի վաղվա տերերն են, և որքան շուտ նրանք գիտակից սպառող դառնան, այնքան շուտ երաշխավորված կլինի ՀՀ քաղաքացու առողջ ապագան:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների, 1990 թ.-ի համեմատ 2006 թ.-ին քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 1.18, իմունային մեխանիզմի ներգրավմամբ արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների թիվը` 4.6, սնուցման և նյութափոխանակության խանգարումներով հիվանդությունների թիվը` 1.2, շաքարային դիաբետով հիվանդների թիվը` 1.16, ճարպակալումը` 1.1, սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների թիվը` 1.2, բնածին շեղումներով և զարգացման արատներով հիվանդացությունը` 1.6 անգամ: Ալերգիկ հիվանդությունների թվի շուրջ 7 անգամ աճ է գրանցվել:
Մաքդոնալդսի» ու դրա նման սննդի այլ օբյեկտների միջոցով սպառողները ճաշակում են համբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա և հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ ու վնասակար այլ «արագ սնունդ»` չգիտակցելով դրանց վտանգավորությունն իրենց, հետևաբար և սերունդների առողջության համար: Ընդ որում, խնդիրը ոչ միայն դրսում սնվելու, այլև դրսում արագ ուտելու և քիչ ծամելու մեջ է, ինչի հետևանքն են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունները: Պակաս վնասակար չէ աղմուկը, որն առկա է ամենուրեք, որտեղ «արագ սնունդ» է առաջարկվում: Առհասարակ, «արագ սննդի» մեջ աղի, շաքարի, խտանյութերի, ներկերի, կայունարարների (ստաբիլիզատորներ), էմուլգատորների և այլ հավելանյութերի առկայությունը ճարպակալման վտանգի առջև է կանգնեցնում` պատճառ դառնալով շատ լուրջ հիվանդությունների (հիպերտոնիա, ալերգիա, քաղցկեղ, շաքարախտ, ինչպես նաև սրտանոթային, հոդերի ու ողնաշարային մի շարք հիվանդություններ): Առաջադեմ բժշկությունը հավաստում է, որ «արագ սնունդը» մարդկությանն սպառնացող մեծ վտանգ է, ինչը կանխելուն պետք է նպաստի նախ և առաջ գիտակից սպառողը:
Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան` մարտի 15-ին նվիրված միջոցառումների մասին տեղեկությունները և օրվան նվիրված հոդվածը ներառող` «Սպառող» ամսագրի հերթական համարն արդեն տեղակայված է Սպառողների միջազգային ասոցիացիայի (CI) կայքում: