Արագ սնունդ
Սպառողների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմ արագ սննդի վտանգավորության մասին 16 Դեկտեմբերի 2022, ՈՒրբաթ | 583
Տարբեր երկրներում կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ գազավորված ժամանակակից ըմպելիքների բաղադրության մեջ օգտագործվող հավելանյութերի, մասնավորապես` քաղցրացնող, թթվեցնող, պահածոյացնող և գունավորող նյութերի մեծ մասը կարող է լրջորեն վնասել առողջությունը: Նշենք, որ նույնիսկ այդ նյութերի բացառման դեպքում գազավորված ըմպելիքների չարաշահումը խախտում է օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռությունը` նպաստելով թթվային միջավայրի ստեղծմանը, ինչը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Գազավորված ըմպելիքները վատ են անդրադառնում հատկապես երեխաների առողջության վրա: Ինչպես հաղորդում է համացանցի «Սննդամթերքի գործնական տեխնոլոգիան» կայքը, սննդարդյունաբերության մեջ կիրառվող գունավոր պահածոյացնող նյութերը բացասաբար են ազդում երեխաների տրամադրության և վարքի վրա: Ներկայումս շատ երեխաներ աչքի են ընկնում բարձր ակտիվությամբ և կենտրոնանալու ցածր մակարդակով: Արտասահմանում այդ վիճակը հաճախ անվանում են «հիպերակտիվության սինդրոմ»:
Ցավոք, մեր հանրապետությունում պատշաճ ուշադրություն չի դարձվում սննդամթերքի անվտանգության հարցերին, այդ թվում` նաև գազավորված ըմպելիքների անվտանգության խնդիրներին: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների և կազմակերպությունների կողմից արտադրվում է գազավորված ըմպելիքների մեծ տեսականի, որոնցից որոշ ապրանքների պիտակի վրա օգտագործված բաղադրանյութերի վերաբերյալ մակնշման բովանդակությունը թերի է, իսկ երբեմն էլ անընթեռնելի է:
Ասպարտամի պարունակությամբ ըմպելիքների գրեթե ողջ տեսականին պահվում է ոչ սառնարանային պայմաններում: Բայց չէ որ, ինչպես արդեն նշել ենք, 30 աստիճան ցելսիուսի ներքո քաղցրացնող այդ նյութը տրոհվում է թունունակ մի շարք նյութերի: