Սպառողական շարժումը Հայաստանում սկիզբ է առել 1991թ.-ին` հանրապետության անկախության հռչակման արդյունքում, բժիշկ-համաճարակաբան Մելիտա Հակոբյանի նախաձեռնությամբ: Մելիտա Հակոբյանն այժմ Սպառողների ազգային ասոցիացիայի և 2003 թվականին իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրված Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության նախագահն է: 1993 թ.-ին Վաճառականների միությունում հիմնադրվել է Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունը:
Վաճառականների միության «Զարկերակ» շաբաթաթերթի «Սպառողը շուկայի թագավորն է» խորագիրը կրող բաժինն արծարծում էր սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ ու հարցեր: Առաջարկվում էին համապատասխան լուծումներ: 1995թ.-ին գրանցվել է «Աննա» կին սպառողների շահերի պաշտպանության միությունը: 1997թ.-ից գործում են կազմակերպության ինչպես Երևանի, այնպես և մարզային կառույցները` իրենց մասնաճյուղերով:
1998թ.-ին միությունն անդամագրվել է Սպառողների միջազգային ասոցիացիային` CI-ին: 1999թ.-ին «Աննա» կին սպառողների շահերի պաշտպանության միությունը վերանվանվել է «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա:
Կազմակերպությանն անդամագրվում են կամավորության սկզբունքով: Ասոցիացիայի դռները բաց են բոլորի առջև` բարձրաստիճան պաշտոնյայից մինչև երկրի շարքային քաղաքացի, ակադեմիկոսից մինչև շարքային գիտաշխատող, գիտնական ու մասնագետ : Սպառողական օրենսդրության շրջանակում Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը ներառում է ամենօրյա իրավաբանական խորհրդատվություն, դատական հայցեր ու մասնակցություն դատավարություններին, ապրանքների և ծառայությունների անվտանգության անկախ փորձաքննություն, առևտրի և կենցաղային սպասարկման ծառայություններում ստուգումներ, սպառողական գիտելիքների ուսուցում և այս ամենին առնչվող խնդիրների լուսաբանում: