Սույն օրենքը կարգավորում է սպառողների եւ արտադրողների (կատարողների, վաճառողների) միջեւ ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, սահմանում է սպառողների կողմից պատշաճ որակի եւ սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձեռքբերման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) եւ դրանք արտադրողների (կատարողների, վաճառողների) մասին տեղեկատվության ստացման, սպառողների շահերի պետական եւ հասարակական պաշտպանության իրավունքները, ինչպես նաեւ սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
սպառող` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի.
սպառողների անորոշ շրջանակ` արտադրանքի (աշխատանքի, ծառայության) հնարավոր սպառողներ.
արտադրող` իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
նորմատիվ փաստաթուղթ` օրենքներ, օրենքով սահմանված կարգով նախատեսված այլ իրավական ակտեր (տեխնիկական կանոնակարգեր), որոնցով սահմանված են պարտադիր պահանջներ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ.
ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին.
ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում` ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաեւ այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո եւ նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ).
ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգություն` սպառողի կյանքի, առողջության, գույքի եւ շրջակա միջավայրի համար ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը սովորական պայմաններում՝ դրա օգտագործման, պահման, փոխադրման, օգտահանման ժամանակ, ինչպես նաեւ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացի անվտանգությունը.
ծառայության ժամկետ՝ ապրանքի շահագործման տեւողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերսկսելու օրից մինչեւ իր նշանակությամբ օգտագործման անհնարինությունը: Այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպես նաեւ չափման այլ միավորներով (կիլոմետրով, տարիներով եւ այլն).
պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ.
երաշխիքային ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել սույն օրենքով սահմանված սպառողի պահանջները:
Հոդված 2. Սպառողների իրավունքների պաշտպանության հարաբերությունների իրավական կարգավորումը
Սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Սպառողների իրազեկման իրավունքը
Սպառողների իրազեկման իրավունքն ապահովվում է կազմակերպամեթոդական եւ ընդհանուր տեխնիկական ու նորմատիվ փաստաթղթերում եւ հանրակրթական ու մասնագիտական ծրագրերում համապատասխան պահանջներ ընդգրկելով, ինչպես նաեւ սպառողների իրավունքների եւ այդ իրավունքների պաշտպանության անհրաժեշտ գործողությունների մասին տեղեկատվական համակարգերի կազմակերպման միջոցով:
Հոդված 5. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակը
1. Վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որի որակը համապատասխանում է պայմանագրին:
2. Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սովորաբար օգտագործվում է:
3. Եթե պայմանագիրը կնքելիս սպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մասին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատասխան օգտագործման համար:
4. Ապրանքն ըստ նմուշի եւ (կամ) նկարագրի վաճառելիս վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք, որը համապատասխանում է նմուշին եւ (կամ) նկարագրին:
5. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն):
Հոդված 6. Արտադրողի (կատարողի, վաճառողի) իրավունքները եւ պարտականություններն ապրանքի (աշխատանքի) ծառայության, պիտանիության, ինչպես նաեւ երաշխիքային ժամկետների սահմանման բնագավառում
1. Արտադրողը (կատարողը) երկարատեւ օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար իրավունք ունի սահմանել այնպիսի ծառայության ժամկետ, որի ընթացքում պարտավորվում է ապահովել ապրանքը (աշխատանքը) իր նշանակությամբ օգտագործելու հնարավորությունը եւ պատասխանատվություն կրել իր մեղքով ծագած էական խախտումների համար:
2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ծառայության ժամկետ սահմանել երկարատեւ օգտագործման այն ապրանքի (աշխատանքի), այդ թվում` կոմպլեկտավորման արտադրատեսակների (մանրակների, հանգույցների, ագրեգատների) համար, որոնք սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո կարող են վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Այդպիսի ապրանքների (աշխատանքների) անվանացանկը հաստատում է կառավարությունը:
3. Սննդամթերքի, օծանելիքակոսմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների եւ նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է սահմանել այնպիսի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:
4. Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել:
5. Արտադրողը (կատարողը) իրավունք ունի սահմանել ապրանքի (աշխատանքի) համար երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) մեջ թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը) պարտավոր է բավարարել սպառողի՝ սույն օրենքի 16-րդ եւ 27-րդ հոդվածներով սահմանված պահանջները:
6. Վաճառողն իրավունք ունի սահմանել ապրանքի համար արտադրողի կողմից սահմանված երաշխիքային ժամկետից ավելի երաշխիքային ժամկետ կամ, եթե արտադրողի կողմից երաշխիքային ժամկետ սահմանված չէ, վաճառողն իրավունք ունի սահմանել սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ավելի տեւական երաշխիքային ժամկետ:
7. Վաճառողի սահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի եւ վաճառողի միջեւ կնքված պայմանագրով:
Հոդված 7. Արտադրողի պարտականությունն ապրանքի նորոգման եւ տեխնիկական սպասարկման հնարավորությունն ապահովելու ժամանակ
Արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի օգտագործման հնարավորությունը դրա ծառայության ժամկետի ընթացքում: Այդ նպատակով արտադրողն ապահովում է ապրանքի նորոգումը եւ տեխնիկական սպասարկումը, ինչպես նաեւ նորոգման եւ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ծավալի ու տեսականու պահեստամասերի թողարկումը եւ առաքումն առեւտրական ու նորոգման կազմակերպություններ՝ ապրանքի արտադրման ժամկետի եւ այն արտադրությունից հանելուց հետո ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում` ապրանքը սպառողին հանձնելու օրից սկսած՝ տասը տարվա ընթացքում:
Հոդված 8. Սպառողի իրավունքն ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության վերաբերյալ
1. Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման եւ օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության եւ գույքի համար: Սպառողի կյանքի, առողջության եւ գույքի նկատմամբ ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են եւ սահմանվում են օրենքով նախատեսված կարգով:
2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում:
Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ արտադրողը (կատարողը) երկարատեւ օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը՝ ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած՝ տասը տարվա ընթացքում:
Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետեւանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:
3. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգ օգտագործման, նրա պահման, փոխադրման, օգտահանման համար անհրաժեշտ է պահպանել հատուկ կանոններ (այսուհետ` կանոններ), ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է դրանք նշել ապրանքի (աշխատանքի, ծառայության) պատկանելիք փաստաթղթերում, պիտակի վրա՝ մականշվածքով կամ այլ եղանակով, իսկ վաճառողը (կատարողը) պարտավոր է այդ կանոնների մասին տեղեկացնել սպառողին:
4. Սպառողի կյանքի, առողջության եւ գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:
5. Եթե պարզվել է, որ ապրանքի (աշխատանքի) օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոններն սպառողի կողմից պահպանելու դեպքում ապրանքը (աշխատանքը) վնաս է պատճառում կամ կարող է վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը եւ գույքին, ապա արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա արտադրությունը (իրացումը) մինչեւ վնասի պատճառի վերացումը, իսկ անհրաժեշտության դեպքում` միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից անհապաղ հանելու եւ սպառողից, նրա համաձայնությամբ, հետ վերցնելու համար:
Եթե վնասի պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է այդպիսի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հանել արտադրությունից: Եթե արտադրողը (կատարողը) այդ պարտականությունը չի կատարում, ապա ապրանքի (աշխատանքի, ծառայության) արտադրությունից եւ շրջանառությունից հանումը կատարվում է այն իրավասու պետական մարմնի կարգադրագրով, որն իրականացնում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի եւ անվտանգության վերահսկողությունը:
Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված՝ սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից՝ լրիվ չափով:
Վաճառողի (կատարողի) կողմից սպառողների կյանքի, առողջության եւ գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման (աշխատանքի կատարման) համար վաճառողը (կատարողը) պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 9. Սպառողի իրավունքն արտադրողի (կատարողի, վաճառողի) եւ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ
1. Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի եւ իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը մատչելի ձեւով ներկայացվում է սպառողներին ի գիտություն՝ առուվաճառքի պայմանագրերի միջոցով եւ սպառողների սպասարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով եւ այլ եղանակներով, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրերի կնքման ժամանակ:
Հոդված 10. Արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին տեղեկատվությունը
1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը եւ աշխատանքային ռեժիմը:
Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Ցուցանակին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը։
Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաեւ սպառողին ներկայացնի տեղեկատվություն՝ պետական գրանցման, ինչպես նաեւ, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը (տեսակները) ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի եւ այդ լիցենզիան տվող մարմնի մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն՝ նաեւ ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում՝ շրջիկ կետերի եւ շրջածախ առեւտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային եւ այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ եւ այլ դեպքերում, եթե առեւտուրը, սպառողների կենցաղային եւ այլ տիպի սպասարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս:
Հոդված 11. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվությունը
1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը եւ պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է պարունակի`
ա) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանեն ապրանքները (աշխատանքները, ծառայությունները).
բ) տեղեկություններ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական սպառողական հատկությունների մասին, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի եւ ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաեւ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ: Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, հաստատում է կառավարությունը.
գ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը եւ ձեռքբերման պայմանները.
դ) երաշխիքային ժամկետը, եթե այն սահմանված է սույն օրենքին համապատասխան.
ե) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ եւ անվտանգ օգտագործման կանոնները եւ պայմանները.
զ) սույն օրենքին համապատասխան՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաեւ նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների եւ այդպիսի գործողությունների չկատարման դեպքում՝ հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը եւ գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի.
է) արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու եւ ապրանքը (աշխատանքը) նորոգելու եւ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.
ը) տեղեկատվություն՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին.
թ) տեղեկատվություն՝ ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) կանոնների վերաբերյալ:
Եթե սպառողի ձեռք բերած ապրանքը եղել է գործածության մեջ կամ նրանում վերացվել է թերություն (թերություններ), ապա սպառողին պետք է այդ մասին տրվի տեղեկատվություն:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը հասցվում է սպառողին ի գիտություն՝ ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) կցվող տեխնիկական փաստաթղթերով, պիտակների վրա, մականշվածքով կամ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների համար ընդունված այլ եղանակներով: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին տեղեկատվությունն սպառողին ներկայացվում է սահմանված կարգով մականշված՝ համապատասխանության նշանի ձեւով եւ տեխնիկական փաստաթղթերում համապատասխանության փաստը հավաստող նշումով (սերտիֆիկատի համարը, դրա գործողության ժամկետը, այն տվող մարմինը կամ համապատասխանության մասին հայտարարագրի համարը, գործողության ժամկետը, այն վավերացնող մարմինը):
4. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված եւ չափածրարված սննդամթերքը պետք է ապահովված լինի դրա արտադրման տեղի մասին տեղեկատվությամբ:
Հոդված 12. Վաճառողի (կատարողի) աշխատակարգը
1. Առեւտրի, սպառողների կենցաղային եւ սպասարկման այլ տեսակների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի աշխատակարգը սահմանվում է նրանց կողմից ինքնուրույնաբար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
2. Վաճառողի (կատարողի) աշխատակարգի մասին տեղյակ է պահվում սպառողին։
Հոդված 13. Ապրանքի (աշխատանքի, ծառայության), արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ տեղեկատվության համար արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունը
1. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության), ինչպես նաեւ արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ, ոչ ստույգ եւ թերի տեղեկատվությունը հանգեցրել է`
ա) սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը եւ պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
բ) ձեռք բերված ապրանքի (աշխատանքի, ծառայության) իր նշանակությամբ օգտագործման անհնարինությանը, ապա սպառողն իրավունք ունի պահանջել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հնարավոր կարճ ժամկետում: Եթե պայմանավորված ժամկետում տեղեկատվությունը չի տրամադրվում, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը եւ պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) անհապաղ վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
գ) սպառողին հանձնելուց հետո ապրանքի (աշխատանքի) թերությունների առաջացմանը, ապա սպառողն իրավունք ունի սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնել վաճառողին (արտադրողին) կամ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները ներկայացնել կատարողին.
դ) սպառողի կյանքի, առողջության եւ գույքի վնասմանը, ապա սպառողն իրավունք ունի արտադրողից (կատարողից, վաճառողից) պահանջել վնասի հատուցում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաեւ պահանջել իր սեփականությունը հանդիսացող (տիրապետության տակ գտնվող) գույքին պատճառված վնասների լրիվ հատուցում:
2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին ոչ ստույգ կամ թերի տեղեկատվության հետեւանքով պատճառված վնասների հատուցման վերաբերյալ սպառողների պահանջները քննարկելիս անհրաժեշտ է ելնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) հատկությունների եւ բնութագրերի մասին սպառողի մասնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից:
Հոդված 14. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողի (արտադրողի, կատարողի) պատասխանատվությունը
1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով եւ (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով՝ չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը)։
3. Տուժանքի (տուգանքի) վճարումը եւ վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:
4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման եւ փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետեւանքով:
5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից՝ կամավոր կամ դատական կարգով:
Հոդված 15. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետեւանքով պատճառված վնասի համար գույքային պատասխանատվությունը
1. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետեւանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի՝ անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից:
3. Սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե վնասը պատճառված է ապրանքի (աշխատանքի) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում:
Եթե արտադրողի (կատարողի) կողմից ապրանքի (աշխատանքի) համար սույն օրենքին համապատասխան պետք է սահմանվեր ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել, կամ սպառողը, որին վաճառվել է ապրանք (կատարվել է աշխատանք), չի տեղեկացվել ծառայության կամ պիտանիության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ գործողությունների եւ դրանց չկատարման պարագայում հնարավոր հետեւանքների մասին, ապա վնասը ենթակա է հատուցման՝ անկախ այն պատճառելու ժամանակից:
Եթե արտադրողը (կատարողը) երկարատեւ օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ծառայության ժամկետ չի սահմանել, ապա վնասը ենթակա է հատուցման՝ ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած, իսկ եթե հանձնելու օրը պարզել հնարավոր չէ, ապա ապրանքը արտադրելու (աշխատանքը ավարտելու) թվականից սկսած՝ տասը տարվա ընթացքում:
Ապրանքի թերության հետեւանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման՝ վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից:
Աշխատանքի կամ ծառայության թերությունների հետեւանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ կատարողի կողմից:
4. Արտադրողը (կատարողը) պատասխանատվություն է կրում ապրանքների արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, գործիքների եւ այլ միջոցների օգտագործման հետ կապված՝ սպառողի կյանքին, առողջությանը, գույքին պատճառած վնասի համար, անկախ այն բանից, թե գիտական եւ տեխնիկական գիտելիքների մակարդակը հնարավորություն տալիս է հայտնաբերել դրանց յուրահատուկ հատկությունները, թե` ոչ:
5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ազատվում է պատասխանատվությունից՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով։
ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 16. Ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետեւանքները
1. Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, եւ եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
բ) գնման գնի համաչափ իջեցում.
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետեւանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում:
Տեխնիկապես բարդ ապրանքների նկատմամբ սպառողի՝ սույն կետի «գ», «դ» եւ «ե» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման՝ ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:
Այն ապրանքների նկատմամբ, որոնք սպառողը ձեռք է բերում կոմիսիոներից, սպառողի՝ սույն կետի «ա» եւ «գ» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման՝ վաճառողի (կոմիսիոների) համաձայնությամբ:
2. Սպառողը սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները ներկայացնում է վաճառողին (կոմիսիոներին):
3. Սպառողն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին կետի «ա» եւ «գ» ենթակետերում նշված պահանջները ներկայացնել արտադրողին կամ կոմիսիոներին:
Այդ պահանջների ներկայացման փոխարեն սպառողն իրավունք ունի արտադրողին վերադարձնել ոչ պատշաճ որակի ապրանքը եւ հետ պահանջել դրա համար վճարված գումարը:
4. Սպառողի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնել նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում:
5. Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ։
Վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաստը հավաստող այլ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում: Սպառողն իրավունք ունի մասնակցել ապրանքի որակի ստուգմանը:
Ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է ապրանքի փորձաքննությունը կատարել իր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում: Սպառողն իրավունք ունի դատական կարգով վիճարկել այդպիսի փորձաքննության եզրակացությունը:
Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների փորձաքննության կատարման, ինչպես նաեւ դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:
Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է բավարարել սպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով:
6. Նորոգման, գնի իջեցման, փոխարինման համար մեծածավալ ապրանքի եւ հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը եւ դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների ուժերով եւ հաշվին: Տվյալ պարտավորությունը չկատարելու, ինչպես նաեւ սպառողի գտնվելու վայրում վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների բացակայության դեպքում նշված ապրանքների տեղ հասցնելը եւ վերադարձնելը կարող է իրականացնել սպ�