ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաեւ առեւտրի եւ հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները:
Հոդված 2. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
սննդամթերք ՝ ցանկացած պարենային հումք եւ արտադրանք, որոնք նախատեսված են մարդու սննդում օգտագործելու համար՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված տեսքով, ներառյալ` խմիչքները, մաստակը եւ ջուրը, որն ավելացվում է սննդամթերքին վերջինիս պատրաստման, մշակման կամ վերամշակման ժամանակ:
Սննդամթերք չեն համարվում`
- անասնակերերը,
- կենդանիները, եթե դրանք չեն նախատեսվել շուկա հանելու` մարդու կողմից սննդի մեջ կիրառելու համար,
- բուսաբուծության արտադրանքը՝ մինչեւ բերքահավաք,
- դեղամիջոցները,
- կոսմետիկ միջոցները,
- ծխախոտը եւ ծխախոտային արտադրանքները,
- թմրադեղերը եւ հոգեմետ նյութերը,
- մնացորդային նյութերը եւ աղտոտիչները.
պարենային հումք ՝ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող բուսական, կենդանական, հանքային, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագում ունեցող մթերք, հումք, նյութ, արտադրանք եւ ջուր.
հատուկ նշանակության սննդամթերք ՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած չափորոշիչներով սննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից եւ բավարարում է մարդկանց հետեւյալ խմբերի պահանջները՝
- խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,
- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
- առողջ մանուկների եւ երեխաների:
Հատուկ նշանակության սննդամթերքը ներառում է նաեւ բուժիչ նշանակությամբ սննդամթերքը.
սննդի շղթա (արտադրության եւ շրջանառության փուլեր) ՝ սննդամթերքի եւ դրա բաղադրիչների արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման եւ իրացման փուլերը՝ նախնական արտադրությունից մինչեւ սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաեւ սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, սննդային հավելումները, ինչպես նաեւ առեւտրի եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը.
նախնական արտադրություն ՝ պարենային հումքի արտադրություն, բուսաբուծության արտադրանքը, ներառյալ` բերքահավաքը, գյուղատնտեսական կենդանիների արտադրությունը՝ մինչեւ սպանդը, կիթը, ինչպես նաեւ որսորդությունը, ձկնորսությունը եւ վայրի բույսերի բերքահավաքը.
մշակում ՝ պարենային հումքի մաքրում, տեսակավորում կամ դասակարգում, չորացում, պաղեցում, կտրտում, փաթեթավորում կամ այլ գործողություններ, որոնց միջոցով արտադրանքը նախապատրաստվում է սննդամթերքի վերամշակման կամ պատրաստման մեջ օգտագործելու համար.
սննդամթերքի անվտանգություն ՝ երաշխիք, որ սննդամթերքն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի եւ առողջության վրա, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով` տվյալ սննդամթերքի եւ սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական եւ հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ.
կեղծված սննդամթերք ` սննդամթերք`
- որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
- որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
- որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
- որի պիտակի վրա առկա է ոչ ճիշտ նշում` սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
- որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առեւտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույտվություն ձեռք բերելու.
ռիսկ (վտանգ) ՝ մարդու առողջության վրա սննդամթերքի վնասակար ազդեցության հավանականությունը եւ այդ ազդեցության աստիճանը.
ռիսկի (վտանգի) վերլուծություն ՝ ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման եւ ռիսկի հաղորդակցման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.
ռիսկի (վտանգի) գնահատում ` գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման եւ վտանգի բնութագրման փուլերից.
ռիսկի (վտանգի) կառավարում ` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները եւ այլ հիմնավոր գործոններ եւ անհրաժեշտության դեպքում ընտրվում են վտանգի կանխման ու վերահսկողության միջոցառումներ.
ռիսկի (վտանգի) հաղորդակցում ` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարող մարմինների, սպառողների, սննդի շղթայի փուլերում գործառնություններ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների եւ շահագրգիռ այլ կողմերի միջեւ վտանգի աղբյուրի, ռիսկի, վտանգին առնչվող գործոնների եւ վտանգի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների եւ կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների եւ ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.
վտանգի աղբյուրների վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգ ՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որի նպատակն է ռիսկերի նվազեցումը եւ սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգի կանխարգելումը, վերացումը կամ մինչեւ թույլատրելի սահման նվազեցումը: Այն ընդգրկում է հետեւյալ սկզբունքները`
- վտանգի աղբյուրների վերլուծություն,
- հսկման կրիտիկական կետերի որոշում,
- յուրաքանչյուր հսկման կրիտիկական կետի կրիտիկական սահմանի որոշում եւ դրա դիտարկման ու վերլուծության համակարգի ստեղծում,
- ի հայտ եկած շեղումների վերացման նպատակով ուղղիչ գործողությունների ծրագրի մշակում,
- վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի արդյունավետությունը ստուգող ընթացակարգերի սահմանում,
- նշված սկզբունքների եւ դրանց կիրառմանն առնչվող ընթացակարգերի փաստաթղթավորում եւ գրանցումների համակարգի ստեղծում.
սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգ (վտանգի աղբյուր) ՝ սննդի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ եւ (կամ) սննդամթերքի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա.
վտանգավոր սննդամթերք ` սննդամթերք, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար եւ ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու եւ սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի եւ առողջության համար.
աղտոտիչներ ՝ սննդամթերքի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ եւ (կամ) տարր, որը սննդամթերքի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով հայտնվել է սննդամթերքում կամ սննդային հավելումներում եւ կարող է վնաս պատճառել մարդու կյանքին եւ առողջությանը.
մնացորդային նյութեր ՝ սննդամթերքի մեջ կամ սննդամթերքի վրա քիմիական եւ (կամ) կենսաբանական ծագման ցանկացած նյութերի եւ (կամ) տարրերի, ինչպես նաեւ դրանց նյութափոխանակման եւ քայքայման (տրոհման) արդյունքում ստացվող նյութերի եւ (կամ) տարրերի մնացորդային քանակներ, որոնց որոշակի չափերով օգտագործումը թույլատրված է սննդամթերքի արտադրության առանձին փուլերում, մասնավորապես նախնական արտադրության փուլում.
սննդային հավելումներ ՝ սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող եւ սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական եւ (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար.
մակնշում ՝ սննդամթերքին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը սննդամթերքի հետ շփվող նյութերի, պիտակի կամ ուղեկցող փաստաթղթերի վրա.
սննդամթերքի հետ շփվող նյութեր ՝ սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում եւ անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.
սննդային արժեք ՝ սննդամթերքի բաղադրիչ մասերը՝ սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ եւ հանքային նյութեր) գնահատելու համար ընդունված հասկացություն, որի գումարելիներն են էներգետիկ եւ կենսաբանական արժեքները, որոնք ՝
- օրգանիզմում քայքայվելով` առաջացնում են էներգիա (սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրատներ), կազմում են սննդամթերքի էներգետիկ արժեքը եւ արտահայտվում են կալորիաներով կամ ջոուլներով,
- էներգիա չեն առաջացնում, սակայն մասնակցում եւ կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը (վիտամիններ, հանքային աղեր, այդ թվում՝ միկրոէլեմենտներ եւ ջուր) եւ կազմում են սննդամթերքի կենսաբանական արժեքը.
տեխնոլոգիական գործընթացներ ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով պարենային հումքը ենթարկվում է որոշակի տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման.
տեխնոլոգիական սարքավորումներ ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովում են տվյալ տեխնոլոգիական գործընթացում նախատեսված գործելակարգի (ռեժիմի) իրականացումը.
տեխնոլոգիական հրահանգ ՝ արտադրողի հաստատած փաստաթուղթ, որում ամրագրվում են ըստ բաղադրագրի տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը), տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը եւ դրանց իրականացման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները.
գենետիկորեն ձեւափոխված մթերք ՝ հետեւյալ երեք տեսակի մթերքները՝
- որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,
- կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,
- սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի եւ (կամ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի եւ (կամ) դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը.
շուկա հանել (շուկայահանել) ` արտադրանքը իրացնելը կամ այլ ձեւով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը.
հետագծելիություն ` սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնակերի եւ նախնական արտադրության արդյունքի շարժին հետեւելու հնարավորություն.
խմբաքանակ ՝ իրացման համար միեւնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործնականորեն նույն պայմաններում արտադրած (պատրաստած) կամ փաթեթավորած սննդամթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.
լիազոր մարմին ` սննդամթերքի անվտանգության բնագավառում առանձին գործառույթներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման կամ այլ մարմին:
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
1.Սույն օրենքը տարածվում է սննդի շղթայի փուլերում սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր սուբյեկտների վրա:
2.Սույն օրենքը չի տարածվում՝
ա) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման, վերամշակման, օգտագործման կամ պահման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող սննդամթերքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կարող է վտանգ սպառնալ բնակչության առողջությանը եւ շրջակա միջավայրին:
Հոդված 4. Սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությունը
1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. Սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվող պետական քաղաքականությունը
Սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`
ա) սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը եւ մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործման եւ սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.
բ) սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումը.
գ) սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով միջազգային եւ տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը եւ տեղեկատվության փոխանակումը.
դ) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 6. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
1. Սննդամթերքի արտադրություն (բացառությամբ հանրային սննդի) թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում:
Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային հավելումները եւ սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով եւ (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
3. Սննդամթերքի պատրաստման, մշակման եւ վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող ջուրը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով եւ (կամ) նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման եւ վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության եւ պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ:
Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է կառավարությունը:
5. Սննդամթերքի արտադրության եւ պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաեւ միջատների եւ կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը եւ նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ վնասեն դրա հատկությունները եւ դրանով վտանգեն մարդու առողջությունը:
6. Սննդամթերքի արտադրության (բացառությամբ հանրային սննդի) տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) եւ տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգ:
Վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում եւ կազմակերպում է ուսուցում:
Վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման ժամանակացույցը, ըստ արտադրության ոլորտների, սահմանում է կառավարությունը:
Հոդված 7. Սննդի շղթայի փուլերին եւ աշխատակիցներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները
1. Սննդի շղթայի փուլերը պետք է իրականացվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխան:
2. Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը եւ պաշտպանեն աղտոտումից՝ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխան:
3. Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով:
4. Սննդամթերքի արտադրության եւ շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն եւ պահպանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան:
5. Սննդամթերքի արտադրության եւ շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով եւ (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված, փաթեթավորված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները (բացառությամբ արտահանվողի) մակնշվում են հայերենով:
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի`
ա) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.
բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը.
գ) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան).
դ) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) եւ պիտանիության ժամկետը.
ե) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց սննդամթերքը չի կարող պատշաճորեն օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
զ) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը).
է) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.
ը) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ծագման երկիրը.
թ) ոգելից խմիչքների համար՝ ալկոհոլի պարունակության տոկոսը.
ժ) սննդամթերքի սննդային արժեքը՝ հատուկ նշանակության սննդամթերքի համար.
ժա) օրենքով սահմանված այլ տեղեկատվություն.
ժբ) «գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է:
4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է պարունակի տեղեկություններ, որոնց ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ ըստ առանձին տեսականու, սահմանում է կառավարությունը:
5. Արգելվում է շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:
6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը եւ իրացումը` որպես սննդամթերք:
7. Սննդամթերքի եւ սննդային հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:
8. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:
9. Արգելվում է վնասված փաթեթավորումով եւ մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների իրացումը:
10. Սույն հոդվածի երկրորդ-իններորդ մասերի դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող եւ տեղում իրացվող սննդամթերքի վրա:
Հոդված 9. Արտադրության եւ շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների անվտանգության հիմնավորման ընթացակարգը
1. Արգելվում է որեւէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց դրանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության եւ հետագծելիության հնարավորության:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերն են՝
ա) համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը (տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կառավարության սահմանած համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկով նախատեսված սննդամթերքի համար).
բ) կենդանական ծագման պարենային հումքի համար՝ անասնաբուժասանիտարական նորմերին դրա համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը:
2. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը եւ սննդամթերքի հետ շփվող նյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման՝ օրենքով սահմանված կարգով:
Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկը հաստատում է կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման սննդամթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:
4. Հայաստանի Հանրապետությունում իրացվող բուսական ծագման սննդամթերքը, համաձայն «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է բուսասանիտարական ստուգման:
5. Սննդամթերքի առեւտուրը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանը
1. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի անվանումը, տեսակը, հիմնական բաղադրիչները եւ սննդային արժեքը:
2. Հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանի վարման եւ տվյալների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների ներմուծման, օգտագործման եւ իրացման սահմանափակումները
1. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր եւ կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր եւ կեղծված նյութեր եւ վտանգավոր ու կեղծված սննդային հավելումներ:
2. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը կամ վտանգավոր սննդային հավելումները վերաբերում են խմբաքանակի մի մասին, ապա տվյալ խմբաքանակի մեջ մտնող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը կամ սննդային հավելումներն ամբողջությամբ համարվում են վտանգավոր (եթե փորձաքննությամբ չի հիմնավորվել խմբաքանակի մնացած մասի անվտանգ լինելը):
3. Եթե սննդամթերքի առանձին տեսականու անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված են լրացուցիչ պահանջներ եւ (կամ) ցուցումներ, եւ սննդամթերքը համապատասխանում է դրանց, ապա տվյալ սննդամթերքը համարվում է անվտանգ միայն այդ պահանջների եւ (կամ) ցուցումների տեսանկյունից:
Այդպիսի սննդամթերքը նույնպես պետք է բավարարի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
Հոդված 12. Շուկայից վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների հետկանչումը, օգտահանումը եւ ոչնչացումը
1. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը եւ վտանգավոր սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման եւ փորձաքննության:
2. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութեր եւ վտանգավոր սննդային հավելումներ տնօրինողը դրա վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց՝ ձեռնարկելով հետեւյալ քայլերը՝
ա) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման.
բ) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մատակարարին, ձեռք բերողին եւ լիազոր մարմնին:
3. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը եւ դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի եւ աստիճանի վերլուծությունը, ինչպես նաեւ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:
Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը եւ վտանգավոր սննդային հավելումներն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:
4. Օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքների հիման վրա վտանգավոր խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:
5. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:
6. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի եւ վտանգավոր սննդային հավելումների օգտահանման եւ ոչնչացման կարգը սահմանում է կառավարությունը:
7. Արտադրության փուլում վտանգավոր սննդամթերքի կամ վտանգավոր սննդային հավելումների թողարկում հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա արգելելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները:
Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելման մասին լիազոր մարմնի ղեկավարը կայացնում է որոշում, որն ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտին պատշաճ ձեւով հանձնելու պահից:
Խախտում հայտնաբերած լիազոր մարմնի տեսուչն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես կասեցնելու արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները եւ տնտեսավարող սուբյեկտին տալ հանձնարարականներ ու ցուցումներ՝ խախտումը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար:
Եթե արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կասեցման մասին որոշումը կայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացությունը վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ չի հաստատվում, ապա կասեցման մասին որոշումը համարվում է անվավեր: Այդ դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչը պարտավոր է փոխհատուցել կասեցման հետեւանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասը:
Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար:
Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է իր միջոցների հաշվին:
8. Արգելքը վերացվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ՝ խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա:
Հոդված 13. Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների համագործակցությունը
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մասին տեղեկատվությունը պարբերաբար փոխանցում են միմյանց:
Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինները «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմին ներկայացնում է տեղեկատվություն սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում իրականացված պետական վերահսկողության արդյունքների մասին:
Տեղեկատվությունների տրամադրման կարգերը եւ ձեւերը սահմանում է կառավարությունը:
2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները սննդային թունավորումների եւ համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում եւ իրականացնում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ:
Հոդված 14. Սննդամթերքի եւ սննդային հավելումների գովազդին ներկայացվող պահանջները
1. Արգելվում են գովազդել այն սննդամթերքը եւ սննդային հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:
2. Արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաեւ հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:
3. Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:
Հոդված 15. Սննդամթերքի եւ սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունը
1. Արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի եւ սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է կառավարությունը՝ իր լիազորած մարմինների միջոցով:
Պետական վերահսկողությունն իրականացվում է՝
ա) սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային եւ այլ տարածքներին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների եւ կանոնների պահպանման նկատմամբ.
բ) սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ վերամշակված սննդամթերքին տեխնիկական կանոնակարգերով կամ նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների եւ պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.
գ) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների եւ տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման (բացառությամբ հանրային սննդի) նկատմամբ.
դ) ախտահանող նյութերի եւ կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների եւ դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.
ե) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.
զ) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:
2. Սննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկումները կատարվում են կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում:
4. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները, «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետք է ունենան համապատասխանության գնահատման բնագավառի փորձագետի որակավորում, ինչն ամրագրվում է տվյալ պաշտոնի համար սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի իրավունքները եւ պարտականությունները
1. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն`
ա) լիազոր մարմնից ստանալու սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաեւ սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն.
բ) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի եւ վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունները եւ որոշումները:
2. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են`
ա) ապահովել սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ հանրային սննդի) շտեմարանում ընդգրկելու համար կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի ցանկը.
գ) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ:
Փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանում է կառավարությունը.
դ) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների հետագծելիությունը որոշելու համար.
ե) լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպել միջոցառումներ վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ.
զ) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը.
է) իրականացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 17. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների իրավունքները եւ պարտականությունները
1. Սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչներն իրավունք ունեն`
ա) առանց խոչընդոտների ստանալու իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, մուտք գործելու համապատասխան արտադրամասեր, պահեստային եւ այլ տարածքներ եւ վերցնելու փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.
բ) վերահսկողության ընթացքում սննդամթերքի եւ սննդային հավելումների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման եւ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների վտանգավոր լինելու վերաբերյալ փաստացի հիմնավորված կասկածների դեպքում սույն օրենքի դրույթների եւ իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու սահմանափակումներ.
գ) իրականացնելու օրենքով սահմանված այլ իրավունքներ:
2.Պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները պարտավոր են`
ա) բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման համար ցուցումներ եւ հսկողություն սահմանել դրանց իրականացման նկատմամբ.
բ) ապահովել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը.
գ) վերահսկողության իրականացման ընթացքում անհարկի չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների բնականոն գործունեությունը.
դ) իրականացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 19. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի`
ա) 6-րդ հոդվածի յոթերորդ մասն ուժի մեջ է մտնում կառավարության սահմանած ժամանակացույցով.
բ) 8-րդ հոդվածի չորրորդ մասն ուժի մեջ է մտնում կառավարության սահմանած ժամանակացույցով.
գ) 8-րդ հոդվածի չորրորդ մասն ուժի մեջ մտնելուց հետո նույն հոդվածի երրորդ մասը՝ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մասով համարվում է ուժը կորցրած:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-25 օրենքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15.12.2006
ՀՕ-193