Արեվը` բարեկամ ու թշնամի

Արեվը` բարեկամ ու թշնամի

Արևը ջերմություն է, լույս, կյանք, բայց սա չի նշանակում, որ այն կարելի է չարաշահել: Արևի ճառագայթները կարող են հավասարաչափ և օգնել, և վնասել, եթե դրանք սխալ են ՙօգտագործվում՚: Երբեմն, չիմանալով ջրից օգտվելու պարզագույն կանոնները, ծովափին հանգստացողները դառնում են այդքան ցանկալի արևայրուքի զոհն ու սպասված գեղեցկության փոխարեն վաստակում տհաճ ու ցավոտ այրվածքներ:

 

Արևի օգուտները

1. Արևային երկրներում ապրողներն ավելի քիչ են հիվանդանում ռևմատոիդ արթրիտով (այս հիվանդության ժամանակ իմունային համակարգն ազդում է հոդերի վրաª առաջացնելով ցավեր): Պատճառն արևի տակ արտադրվող վիտամին D-ի դրական ազդեցությունն է օրգանիզմի վրա: Սա, իհարկե, չի նշանակում, որ ողջ օրը պետք է անցկացնել արևի տակ պառկած:
2. Արևի լույսը թեթևացնում է ցրված սկլերոզի նախանշանները: Այս հիվանդությունը հատկապես քիչ է հանդիպում արևադարձային երկրներում ապրող մարդկանց մոտ: Ցրված սկլերոզ հիվանդության ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը կործանում է նյարդաթելերի միելինային թաղանթները` ընդունելով դրանք որպես օտար մարմին, ինչի հետևանքով հիվանդների մոտ զարգանում են զգայունության և շարժունակության խանգարումներ: Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր անձանց մոտ:
3. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են մարդու տրամադրությունը, օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում արյան շրջանառությունը ներքին օրգաններում, իսկ վիտամին D-ի ներթափանցումը մաշկի մեջ ամրացնում է ոսկորները և կանխում քաղցկեղային բջիջների առաջացումը: Այս վիտամինի պակասից երեխաներն ավելի հաճախ են կարիես ունենում:

 

Արևի վնասները

1. Արևահարումից մաշկի վրա կարող են ի հայտ գալ նորագոյացություններ, որոնք հետագայում կարող են վերածվել քաղցկեղի:
2. Չափազանց մեծ քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունումը կարող է մի շարք վնասներ հասցնել օրգանիզմին:
3. Սխալ տեսակետ կա, թե ջրում մնալը պաշտպանում է արևից: Ճիշտ հակառակը, ջրում երկար մնալը հանգեցնում է այրվածքների:
4. Երեխաները կարող են այրվածք ստանալ նույնիսկ ստվերում, քանի որ նրանց մաշկը չափազանց նուրբ է:
5. Արևային լոգանքը կարող է ալերգիայի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ արևահարման հետևանքով կարող են ի հայտ գալ տարբերª մինչև այդ գաղտնի հիվանդություններ:
6. Արևի տակ երկար մնալը վնաս է հատկապես բաց գույնի աչքեր, մաշկ ու մազեր ունեցողներին:

 

Խորհուրդներ


1. Արևային լոգանք կարելի է ընդունել միայն մինչև ժամը 11-ը և ժամը 17-ից հետո, երբ արևի ճառագայթները նվազ ակտիվ են: Կեսօրին արևի ճառագայթներն ուղիղ ընկնում են մաշկի վրա, ավելի խորն են թափանցում և առավել շատ են վնասում մաշկը:
2. Արևային լոգանքից առաջ հարկավոր է մեծ քանակով հեղուկ ըմպել և մաշկին քսել համապատասխան քսուքներ:
3. Դեմքն անհրաժեշտ է պաշտպանել գլխարկով և մուգ ապակիներով ակնոցով:
4. Արևայրուք պետք է ընդունել աստիճանաբարª սկսելով օրը 5-10 րոպեից:
5. Արևի տակ երկար մնալ խորհուրդ չի տրվում հատկապես շատ խալեր ունեցողներին:
6. Արևայրուք ստանալու համար մեծահասակին անհրաժեշտ է 20-30, երեխային` 5-7 րոպե:
7. Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործվող սննդին, որը ևս կարող է ազդել առողջության, մասնավորապես` մաշկի վրա: Հատկապես թթուն և կծուն կարող են գրգռել մաշկը, ինչը բացասական ազդեցություն կունենա մաշկի վրա արևայրուք ընդունելիս:
8. Եթե այնուամենայնիվ արևն արդեն բացասաբար է ազդել, և առաջացել են խնդիրներ, ապա հարկավոր է ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել մասնագետի օգնությանը:

 

Արհեստական արևայրուք կամ սոլյարի

 

Արևի տակ ժամերով պառկելու փոխարեն կարելի է նույնն անել ծովից հեռու, քաղաքում, շատ կարճ ժամանակում արհեստական ճանապարհով: Գայթակղիչ է, բայց` վտանգավոր: Պատճառները շատ են: Ճառագայթահարումից մաշկը ջրազրկվում է, չորանում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունից կարող են առաջանալ այրվածքներ, նաև չարորակ ուռուցքներ:
Սոլյարիից օգտվել խորհուրդ չի տրվում մաշկային խրոնիկ հիվանդություն ունեցողներին, հղիներին, հակաբեղմնավորիչներ օգտագործողներին և այլն: Թեև սոլյարիի սրահներում կիրառվում են պաշտպանիչ միջոցներ խալերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու նպատակով, այդուհանդերձ մասնագետները պնդում են, որ սրանից վտանգն ամբողջովին չի կանխվում, և բարորակ գոյացությունները կարող են դառնալ չարորակ:


16 Դեկտեմբերի 2022, ՈՒրբաթ | 294

Վերջին հրապարակումները