Արագ սնունդ, դանդաղ մահ

Արագ սնունդ, դանդաղ մահ

Առաջնորդվելով Սպառողների միջազգային կազմակերպության այս տարվա կարգախոսով, որն է` "Առողջ սննդակարգ", սպառողներին մեկ անգամ ևս ներկայացվում է արագ սնունդն իր հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքներով:

Գաղտնիք չէ, որ կյանքի ռիթմն այլընտրանք չի թողնում ժամանակակից մարդուն, ու վերջինս աստիճանաբար մոռացության է մատնում ճաշին մատուցվող առաջին, երկրորդ ուտեստները, կոմպոտներն ու բնական հյութերը` այս բոլորը համատեղելով մեկ սննդատեսակի մեջ: Խոսքն արագ սննդի մասին է:
Այսօր բժիշկները տարբերում են արագ սննդի երկու տեսակ` վնասակար և շատ վնասակար:

Արագ սննդի վտանգավորությունը պայմանավորված է նախ և առաջ չափից շատ կալորիաների առկայությամբ և վիտամինների բացակայությամբ: Պատճառն այն է, որ մարդիկ արագ սնվելուց զատ կարիք ունեն նաև հագենալու, հետևաբար փոքր չափաբաժինը պիտի պարունակի բոլոր այդ կալորիաները: Եվ որպեսզի այցելուն ցանկանա վերադառնալ տվյալ վաճառքի սրահը, պիտի կարողանալ գայթակղել նրան համով ու բույրով, ինչն ամենից լավ արվում է շատ ճարպի ու քաղցրի միջոցով: Ի դեպ, համով հարստացվում են ոչ միայն համբուրգերները, չիփսերն ու պաղպաղակը, այլև սովորական թվացող վարունգն ու լոլիկը, կանաչիներն ու հազարը, որոնց գումարվում են նաև այսօր չարիք համարվող սոուսներն ու մայոնեզը: Բավական է սովորական չիփսը դնել թղթի վրա համոզվելու համար, թե որքան ճարպեր ու յուղեր է այն պարունակում: Այս ճարպը սնում է միայն մկանները և երբեք էներգիա չի ապահովում մտավոր աշխատանքի համար, ուստի այսօր, երբ մենք ավելի քիչ ենք շարժվում ու հիմնականում աշխատում ենք գրասենյակներում, սա միայն ճարպակալման կարող է հանգեցնել: Արագ սնունդը բացասաբար է ազդում հատկապես էնդոկրին և սիրտանոթային համակարգի վրա` մեծացնելով իշեմնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ռիսկը:
Կարևոր է նաև, թե ինչպես է յուրացվում սնունդը: Մասնավորապես` արագ սնունդը, որպես կանոն, ուտում ենք ոտքի վրա, շարժման մեջ` անտեսելով դանդաղ ու երկար ծամելու անհրաժեշտությունը: Հաճախ նման սննդի ընդունումը զուգակցում ենք գազավորված ըմպելիքների հետ մի քանի անգամ մեծացնելով վտանգը: Դրանցում արհեստական քաղցրացնող նյութերից ամենաշատն օգտագործվում է ասպարտամը (E 951), որը շաքարից (սախարոզ) քաղցր է 180-200 անգամ: Այն կազմում է աշխարհում արտադրվող արհեստական քաղցրացնող նյութերի 25 %-ը: Ասպարտամը գենետիկորեն ստացված պատրաստուկ է` կազմված երկու ամինաթթվի` ասպարագինի և ֆենիլալանինի խառնուրդից: Ցելսիուսի 30 աստիճանի պայմաններում այն տրոհվում է մեթանոլի, ֆորմալդեհիդի, մրջնաթթվի և ֆենիլալանինի:
Սովորաբար, ասպարտամային ըմպելիքները չեն հագեցնում ծարավը, քանի որ թուքը բերանի խոռոչի լորձաթաղանթից դժվարությամբ է հեռացնում դրա մնացորդները: Այդ է պատճառը, որ նման ըմպելիքից հետո բերանում ի հայտ է գալիս տտիպության և ծարավի զգացում, ինչը դրդում է ըմպելիքի նոր բաժին ընդունել: Այսինքն` ասպարտամային ըմպելիքները ոչ թե հագեցնում, այլ արթնացնում են ծարավը: Բացառված չէ, որ գազային ըմպելիքներ արտադրողները միտումնավոր են ասպարտամ օգտագործում:

Ինչ հաճախությամբ ուտել

Սա կախված է առաջին հերթին առողջությունից: Եթե առկա են մարսողական համակարգի խնդիրներ, ապա արագ սնունդն ընդհանրապես հակացուցված է: Նման ուտելիքը ցանկալի չէ նաև հիպերտոնիայով և շաքարային դիաբետով հիվանդների համար: Իսկ եթե դուք առողջ եք, արագ սննդի մասին հիշեք ոչ հաճախ, քան շաբաթը մեկ:
Գիտնականներն ապացուցել են, որ արագ սննդում պարունակվող ճարպերի ու շաքարի հաճախակի ընդունումն իր հետ բերում է քիմիական կախվածություն այնպես, ինչպես ծխախոտից ու թմրադեղերից: Նաև կասկած չի հարուցում այն փաստը, որ համբուրգերներն ու գազավորված ըմպելիքները միասին ավելի վտանգավոր են, քան առանձին-առանձին: Սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ անդառնալի կորած է: Ելքը խիստ ու մի քիչ տանջող դիետան է:

Երեխան և արագ սնունդը

Արագ սնունդն առավելապես վնասում է երեխաներին, որոնք համարվում են նման սննդատեսակների հիմնական սպառողն աշխարհում: Բանն այն է, որ նրանց դեռևս լիովին չձևավորված օրգանիզմն անմիջապես է արձագանքում, այսպես ասած, ափսեի պարունակությանը, ինչով սովորաբար պայմանավորված են ճարպակալումը, էնդոկրին և իմունային համակարգերի խանգարումները, նաև ֆիզիկական և մտավոր թերզարգացածությունը, որն ի հայտ է գալիս ավելի ուշ:

Փաստեր արագ սննդի մասին

1. Միացյալ Նահանգներում արագ սննդի արտադրության վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան կրթության, երաժշտության, ֆիլմերի, գրքերի, թերթերի ու ամսագրերի տպագրության, համակարգիչների արտադրության վրա միասին վերցրած:
2. Արագ սննդի կետերում օգտագործվում է սառեցված միս, որի կորցրած բույրն ու համը վերականգնվում են արհեստական միջոցներով:
3. ԱՄՆ-ում ճարպակալումից մահացությունը զիջում է միայն ծխելու հետևանքով մահացությանը:
4. Արագ սննդի հասցրած վնասը կրկնակի է դառնում, երբ դրանով սնվելն ուղեկցվում է աղմուկով կամ բարձր երաժշտությամբ, էլ չենք ասում ականջակալներից հնչող բարձր ձայների մասին:
5. Հաշվարկված է, որ Արագ սննդի կետերում յուրաքանչյուր օր քաղցը հագեցնում է մոլորակի բնակչության մեկ տոկոսը:


16 Դեկտեմբերի 2022, ՈՒրբաթ | 267

Վերջին հրապարակումները