Նիտրատներ

Նիտրատներ

1.Հողում ազոտական թթվի աղերիª նիտրատների առաջացումը նորմալ պրոցես է: Նիտրատները շատ լավ լուծվում են ջրում և մշակաբույսերի արմատներից հեշտությամբ անցնում են տարբեր օրգանների, նաև բերքի մեջ:
2.Առանց նիտրատների պտուղ-բանջարեղեն չի լինում: Նորմից բարձր նիտրատների քանակ ի հայտ է գալիս միայն ազոտական պարարտանյութերի չարաշահումից:
3.Օրգանիզմում նիտրատները փոխակերպվում են նիտրիտների, որոնք էլ հիմք են հանդիսանում մի շարք վտանգավոր նյութերի առաջացման համար:
4.Բերքի մեջ նիտրատների բարձր մակարդակից խուսափելու համար մշակաբույսերի սնուցումն ազոտական պարարտանյութերով պետք է կատարել միայն կանոնակարգով: Բաց գրունտում սնուցումն անհրաժեշտ է դադարեցնել առաջին բերքահավաքից մեկ ամիս, իսկ պաշտպանված գրունտումª մեկ և կես ամիս առաջ:
5.Տերևային բանջարեղենը պետք է քաղել միայն երեկոյան ժամերին, երբ դրանցում նիտրատների պարունակությունը հասնում է նվազագույնի: Ավելին, եթե օգտագործելուց առաջ բանջարեղենը կտրատեք և 2-4 ժամ պահեք ջրում, ապա դրանում նիտրատների մակարդակը կնվազի 20-30 %-ով:
6.Հնարավորության սահմաններում պտուղներն ու արմատապտղային բանջարեղենը, կաղամբն ու կարտոֆիլն օգտագործելուց առաջ պետք է պահել սենյակային պայմաններում, քանի որ այդ ընթացքում նիտրատների և թունաքիմիկատների մնացորդների քայքայման պրոցեսը դեռևս շարունակվում է:
7.Ընտրեք միջին մեծության պտուղներ և բանջարեղեն. խոշորները կարող են ինտենսիվ պարարտացման հետևանք լինել:
8.Նիտրատների ավելցուկից ազատվելու համար անհրաժեշտ է հեռացնել բազուկի և բողկի վերին քառորդ մասը, գազարի երկու ծայրերըª 1.5 սմ երկարությամբ, կաղամբի մակերեսային տերևները և կոթունը: Հենց նշված տեղերում է կատարվում նիտրատների ինտենսիվ կուտակում:
9.Գազարի խոշոր պտուղները, մակերեսի վրա ճաքերի և սպիտակ միջուկի առկայությունը վկայում են ինտենսիվ պարարտացման մասին:
10.Նիտրատների ավելցուկի դեպքում մաղադանոսի և համեմի տերևները լինում են մուգ կանաչ գույն:
11.Ձմերուկը կտրելուց հետո պետք է օգտագործել: Կտրած ձմերուկի պահպանման ընթացքում նիտրատները վերածվում են ավելի վտանգավոր նյութերիª նիտրիտների:
12.Թունավորումից խուսափելու համար մի գնեք երկար ժամանակ արևի տակ մնացած ձմերուկներ:
13.Ձմերուկի միջուկում սպիտակ բծերի առկայությունը վկայում է նիտրատների ավելցուկի մասին:
14.Նիտրատների ամենաբարձր կուտակում տեղի է ունենում ջերմատնային բանջարեղենում, ինչն ազոտական պարարտանյութերի չարաշահման, վատ լուսավորության և ցածր ջերմաստիճանի հետևանք է:
15.Նիտրատների կուտակման առավելագույն հատկությամբ օժտված են հազարը, մաղադանոսը, թրթնջուկը, նեխուրը, սպանախը, բողկը, ամսաբողկը, բազուկը: Միջին հատկությամբ օժտված են կաղամբը, գազարը, կարտոֆիլը, իսկ նիտրատների ամենացածր մակարդակ ունեն լոլիկը, վարունգը, տաքդեղը, սմբուկը, ոլոռը, լոբին, մրգերն ու հատապտուղները: Ելակն ավելցուկային նիտրատ ընդհանրապես չի պարունակում:
16.Պտուղների և բանջարեղենի մեջ չներթափանցող թունաքիմիկատներ չկան:
17.Նախքան օգտագործելը պտուղները և բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ: Այս դեպքում թունաքիմիկատների մնացորդները դրանց մակերեսից լրիվ հեռանում են:
18.Եթե կարտոֆիլը կտրելուց հետո մգանում է 2 րոպեի ընթացքում, ապա պալարներում առկա է նիտրատների բարձր քանակ: Նորմալ է համարվում կտրած կարտոֆիլի մգացումը 5 և ավելի րոպեի ընթացքում:
19.Օրգանիզմում նիտրատներից նիտրիտների առաջացման պրոցեսը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է աղցաններին ավելացնել կիտրոնի, նարնջի կամ նռան հյութ, ինչպես նաև ձիթապտղի յուղ:

Լևոն Աճեմյան
Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար


16 December 2022, Friday | 307

Recent publications