Օրգանական պարարտանյութեր

Օրգանական պարարտանյութեր

Օրգանական պարարտանյութերին են պատկանում գոմաղբը, թռչնաղբը, մարդաղբը, կենսահումուսը, տորֆը, կոմպոստները, կանաչ պարարտանյութերը և այլն: Սրանք պարունակում են բույսի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ սննդատարրեր, բարելավում են հողի կառուցվածքը, օդային և ջրային ռեժիմները, հարստացնում հողն օգտակար մանրէներով և օրգանական նյութերով:


Գոմաղբը պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ, պղինձ և այլ տարրեր: Հարուստ է օրգանական նյութերով և օգտակար մանրէներով:
Գոմաղբի որակը պայմանավորված է կենդանու տեսակով, պահպանման պայմաններով և ժամկետով: Մեծ քանակով ազոտ, ֆոսֆոր և կալիում պարունակվում է ոչխարի գոմաղբում և թռչնաղբում: Ամենաարժեքավորն աղավնու և թռչնի ծերտն է:


Ստորև բերված է որոշ կենդանական պարարտանյութերում հիմնական սննդատարրերի պարունակությունը (կգ/100 կգ թաց զանգվածի հաշվով):  

Օրգանական պարարտանյութեր

Գոմաղբի մեջ պարունակվող սննդատարրերի և օրգանական նյութերի մատչելիությունը կախված է նրա քայքայման, փտման աստիճանից: Որքան լավ է այն քայքայված, այնքան բարձր է օգտակար նյութերի յուրացումը բույսերի կողմից: Ընդ որում, գոմաղբի պարարտացնող ազդեցությունը հողում պահպանվում է մի քանի տարի:


Չքայքայված գոմաղբի օգտագործումը որոշ դեպքերում կարող է վնասել բույսերին, օրինակ` եթե հող է մտցվում չքայքայված ծղոտի հետ համակցված թարմ գոմաղբ, ապա առաջին երկու ամսվա ընթացքում գոմաղբի ազոտը ծախսվում է ծղոտի քայքայման վրա, ինչի հետևանքով բույսերն ազոտի քաղց են զգում:


Կիսաքայքայված գոմաղբ օգտագործելիս` հողում հանքային ազոտի քանակն անմիջապես բարձրանում է, քանի որ ծղոտի հիմնական զանգվածը գոմաղբի պահպանման ընթացքում արդեն քայքայվել է: Որքան լավ է քայքայված գոմաղբը, այնքան բարձր է բերքի հավելումը:


Շատ կարևոր է գոմաղբի ճիշտ պահպանումը: Ոչ մեծ և փուխր կույտերով պահպանելիս` գոմաղբը շուտ չորանում է, իսկ միջի եղած ազոտը ցնդում է կամ լվացվում անձրևաջրերով: Շատ ավելի վատ է, երբ աշնանը գոմաղբը շաղ է տրվում հողի մակերեսին: Այս դեպքում գոմաղբի օգտակարությունը դառնում է անիմաստ, քանի որ նրա միջից ազոտը, ֆոսֆորը, կալիումը և այլ տարրեր լվացվում են անձրևաջրերի կամ հալքի օգնությամբ:

Օրգանական պարարտանյութեր

Ազոտ

Ֆոսֆոր

Կալիում

Գոմաղբ

ոչխարի

0.86

0.47

0.67

ձիու

0.59

0.28

0.63

տավարի

0.54

0.23

0.50

խոզի

0.45

0.19

0.60

թռչնաղբ

1.5

1.5

0.80

մարդաղբ

1.1

0.26

0.22

Տորֆ

վերին շերտ

0.35

0.03

0.03

ցածր շերտ

1.05

0.14

0.07

Գոմաղբը ճիշտ հասունացնելու համար նախ գետնին 2-3 մ լայնությամբ պետք է փռել տորֆ կամ մանրացված ծղոտ (20-25 սմ շերտով), այնուհետև վրան ավելացնել գոմաղբ` 1.0-1.5 մ բարձրությամբ: Կույտը տափանելուց հետո այն պետք է ծածկել տորֆով կամ ծղոտով, ապա` հողով: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ ցամքարի և կերի կոշտ մնացորդները լրիվ քայքայվում են, իսկ կույտն ունենում է մուգ գորշավուն երանգ:


Գոմաղբով հողի պարարտացումը և մշակաբույսերի սնուցումը կախված են հողի տեսակից, բնակլիմայական պայմաններից, մշակաբույսի տեսակից, զարգացման փուլից և մի շարք այլ գործոններից: Այնուհանդերձ նշենք, որ լոլիկի ցանքատարածությունների համար այն միջին հաշվով կազմում է 20-30, վարունգի համար` 60-70, կաղամբի և սոխի համար` 30-40, աշնանացան ցորենի համար` 15-20, կարտոֆիլի և խաղողի համար` 40, պտղատուների համար` 30 տ/հա:


Պետք է զգուշանալ թարմ գոմաղբի օգտագործումից: Օրինակ` գազարի ցանքերում թարմ գոմաղբի կիրառումը կտրուկ նվազեցնում է արմատապտուղների որակը: Խորհուրդ չի տրվում նաև թարմ գոմաղբով սնուցել սոխը և սեղանի այլ արմատապտուղներ:


Նպատակահարմար չէ կիրառել մեկ շաբաթ և ավելի ժամկետում խմորված գոմաղբը, քանի որ այդ ընթացքում ամոնիակային ազոտի զգալի մասը ցնդում է: Ավելի լավ է գոմաղբաթուրմը պատրաստել առավոտյան, օրվա ընթացքում պարբերաբար խառնել, իսկ երեկոյան օգտագործել` ջրով 7-10 անգամ նոսրացնելուց հետո:


Թռչնաղբը կարելի է կիրառել վաղ գարնանը 0.5 կգ/քմ նորմով: Լավ արդյունք է տալիս մշակաբույսերի սնուցումը թռչնաղբաթուրմով: Թաց ծերտով թուրմ պատրաստելուց հետո այն պետք է օգտագործել 12-15, իսկ չորացած ծերտով պատրաստելիս` 18-20 անգամ ջրով նոսրացնելուց հետո:


Տորֆը պարունակում է բավարար քանակով ազոտ, սակայն այն մշակաբույսերի համար քիչ մատչելի է: Մյուս կողմից տորֆի մեջ շատ քիչ է ֆոսֆորի և կալիումի քանակը: Տորֆի արդյունավետության բարձրացման նպատակով այն օգտագործվում է կոմպոստների տեսքով` գոմաղբի, գոմաղբաթուրմի, մարդաղբի, ֆոսֆորիտային ալյուրի, կրի, մոխրի կամ այլ օրգանական և հանքային պարարտանյութերի հետ համատեղ:


Տորֆագոմաղբային կոմպոստների արդյունավետությունը զգալիորեն մեծանում է, երբ 1 բաժին գոմաղբը խառնվում է 5-8 բաժին տորֆի մեջ:
Մարդաղբը հարուստ է ազոտով, որի 70-80 տոկոսը կազմում է բույսի կողմից շատ հեշտ յուրացվող ամոնիակային ազոտը:  Նախքան օգտագործելը մարդաղբը պետք է վարակազերծել, քանի որ այն կարող է պարունակել հիվանդաբեր բակտերիաներ և հելմինտների ձվեր: Այդ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստել տորֆային կոմպոստ, որի հասունացման ընթացքում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով (+60օ և ավելի) հելմինտների ձվերը ոչնչանում են:


Օրգանական և օրգանահանքային կոմպոստները շատ օգտակար են: Սրանց մեջ սննդանյութերը վերափոխված են առավել մատչելի ձևերի: Բացի դրանից օդի ազոտը ֆիքսող բակտերիաների գործունեության շնորհիվ` կոմպոստներում երբեմն ավելանում է ազոտի քանակը:


Ոչ մեծ այգիների և տնամերձ հողամասերի համար կարևոր նշանակություն ունեն հավաքածու կոմպոստները, քանի որ սրանք թույլ են տալիս լիովին օգտագործել բոլոր թափոնները` փրերը, բուսական մնացորդները, մոլախոտերը, չոր տերևները, տաշեղները, ծղոտը, օրգանական կենցաղային աղբը և այլն:


Կոմպոստների պարտադիր բաղադրամասերից են տորֆը կամ հողը, տիղմը:
Կոմպոստացումը պետք է կատարել ջուր չկուտակվող տեղանքներում կամ, ավելի լավ է, խրամատներում, ուր կոմպոստը քիչ է չորանում, հավասարաչափ է խոնավանում և արագ է հասունանում: Խրամատի լայնությունը պետք է լինի 1.5-2.0 մ, խորությունը` 0.8-1.0 մետր: Հատակին պետք է փռել տորֆ կամ հող` 20-25 մ շերտով, այնուհետև նույն հաստությամբ` կոմպոստանյութ: Շերտավորումը պետք է կատարել հաջորդաբար` ամեն անգամ խոնավացնելով ջրով կամ գոմաղբահեղուկով: Դարսակույտի բարձրությունը պետք է լինի 1.5-2.0 մ` վերջում ծածկված 15 սմ-ից ոչ պակաս հաստություն ունեցող տորֆով կամ հողով:


Եթե կոմպոստում շատ են տաշեղները, ծղոտը, ապա անհրաժեշտ է ավելացնել ազոտական պարարտանյութ (10 կգ փայտանյութին` 300-350 գրամ ամոնիակի սուլֆատ): Կոմպոստի հասունացումը կախված է կոմպոստացվող նյութերի տեսակից և քանակից: Այն կարող է տևել 3-24 ամիս, ընդ որում բաղադրանյութերը 2-3 ամիս անց հարկավոր է խառնել: Կոմպոստի միատարրությունը, գազերի առկայությունը վկայում են նրա պատրաստ լինելու մասին:


Հելմինտների ձվերի լրիվ ոչնչացման համար տորֆամարդաղբային կոմպոստները պետք է հնացնել 2 տարուց ոչ պակաս:
Հավաքածու կոմպոստներն ավելի լավ է հողը մտցնել գարնանը, իսկ մնացածները` աշնանը:
Կոմպոստների ծախսի նորմը նույնն է, ինչ գոմաղբինը:


Կենսահումուսը ստացվում է գոմաղբից կալիֆոռնիական կարմիր որդերի միջոցով: Այն պարունակում է 40-60 տոկոս հումուս, 10-20 տոկոս ազոտ, 1-3 տոկոս ֆոսֆոր, 1.3-2.3 տոկոս կալիում, 4.5-8.0 տոկոս մագնեզիում, 0.5-2.3 տոկոս երկաթ, 0.5-2.5 տոկոս պղինձ: Մեկ տոննա գոմաղբից ստացվում է 600 կգ կենսահումուս:


Կենսահումուսը նպաստում է սերմերի ծլունակությանը, կտրոնների արմատակալմանը, սածիլների կպչողականությանը, բերքի ավելացմանը, բույսերի դիմադրողականության բարձրացմանը, բերքի հասունացման ժամկետների կրճատմանը: Սրանով հողի պարարտացման նորմը մեկ հեկտարի համար կազմում է 3.0-3.5 տոննա:


Մեկ տնկիի համար նախատեսված է 4.0-5.0 կգ, պտղատու ծառի համար` 10.0 կգ, սածիլների համար և կարտոֆիլների բներում` 100 գրամ, կանաչեղենի 1 քմ մակերեսին` 500 գրամ կենսահումուս:

 

Լևոն Աճեմյան
Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու


16 December 2022, Friday | 280

Recent publications